Տիգրան Ուրիխանյանը՝ «հանցագործ վարչապետի» և նրան օժանդակող վարձու «լրատվամիջոցների» վայնասունի» մասին
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ տարիներ առաջ շատ խնդիրներ կային, բայց այն, ինչ իրականացրեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը սոցիալ-տնտեսական քաղաքականության տիրույթում և այն վիճակը, որին հասել է երկիրը, ինքնին գնահատական է և հայաստանցիներն ունակ են վերլուծություն իրականացնելու: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում արտահայտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանին ուղղված Տիգրան Սարգսյանի պատասխանի մասին:
«Ինչ վերաբերում է հանցագործ վարչապետի կողմից և նրան օժանդակող վարձու «լրատվամիջոցների» վայնասունին, հոգեվարքի մեջ գտնվելու երևույթը շատ բնական է և, չեմ կարծում, որ այդտեղ լուրջ քաղաքագիտական կամ տնտեսական վերլուծության կարիք կա: Այլոց ուսերի վրա սեփական մեղքը տեղափոխելու փորձ է սա ընդամենը»,- ասաց Տ.Ուրիխանյանը:
Դիտարկմանը, որ Տ.Սարգսյանն իր պատասխանում չի անդրադարձել Ռ.Քոչարյանի կողմից արծարծված արտագաղթի խնդրին, Ուրիխանյանը պատասխանեց, որ վարչապետը իրեն ոչ ձեռնտու ոչ մի հարցի չի անդրադառնում. «Ես շատ լավ ծանոթ եմ իր միավանկ և չփոխկապակցված պատասխաններին և չեմ ակնկալում այս վարչապետից անդրադարձ երկրի առաջնային սուր պրոբլեմներին: Քանի որ նա հայաստանայն իրականությանը նայում է սեփական ծառայողական մեքենայի պատուհանից, և չի գտնվում այն հարթության մեջ, որտեղ որ առկա են խնդիրները, որտեղ քաղաքացիները յուրաքանչյուր օր նվազագույն կենսակերպ ապահովելու համար աննկարագրելի ճիգեր են գործադրում կամ լքում հայրենիքը, դրա համար էլ հավանաբար նա չի պատրաստվում անդրադառնալ այն ամենին, ինչին չի ուզում: 2009-ից քննադատել եմ այդ կառավարության հատկապես տնտեսական բլոկը, վարչապետի կուրսը, ԲՀԿ խմբակցության շրջանակներում եմ ասել նույնը և նոր ասելիք չկա: Վերահաստատում եմ առաջարկս վարչապետին՝ մտնել մոտակա ոստիկանական բաժանմունք և ինքնախոստովանական գրել ժողովրդի ու պետության հանդեպ գործածի համար: Երբևե որևէ պատասխան ողջամիտ ու փոխկապակցված «հնարավոր է» և«ոչ»-ից բացի պաշտոնապես չեմ ստացել կոնկրետ հարցադրումների վերաբերյալ»: