Անչափահասին բռնաբարելու մեջ մեղադրվող երկու երիտասարդներն արդարացվել են
Դատարանն արդարացրել է բռնություն գործադրելու սպառնալիքով անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող երկու երիտասարդներին: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Կ. Ստեփանյանին և Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում երկու տարբեր օրերի մեկը «ՈՒԱԶ», մյուսը՝ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում անչափահասի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն: Նրանց մեղադրանք է առաջադրվել անչափահասին բռնաբարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ):
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն իր վճռում գրել է, որ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Կ. Ստեփանյանն ու անչափահաս աղջիկը ծանոթացել են համացանցի միջոցով, շփել միմյանց հետ, մտերմացել և որոշել ամուսնանալ, երբ աղջիկն ավարտի դպրոցը:
Ըստ datalex-ում տեղադրված վճռի՝ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ հանդիպումներից մեկի ընթացքում Կ. Ստեփայանն ու աղջիկը սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Ըստ վճռի՝ վախենալով, որ Կ. Ստեփանյանն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
Առաջին ատյանի դատարանն ապացուցաված է համարել, որ ծնողների պահանջով իրենք և Կ. Ստեփանյանի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել և աղջիկը ծնողների հետ որոշել է հանցագործության մասին հաղորդում տալ: Նրա հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, և Կ. Ստեփանյանին և Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատաքննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը արդարացվել են առաջադրված մեղադրանքում հացագործության դեպքի բացակայության պատճառով: Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այս դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան: