
Մեղադրվում են անտառամասում անչափահասի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին կշարունակվի անչափահասի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել երկու հոգու:
«Կ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ.-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի նոյեմբերի կեսին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ:Նախագահող դատավորը Զոյա Զաքինյանն է: