Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է
Լոռու մարզում ավարտվել է հերթական ընտանեկան արյունալի դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Վանաձորի 74-ամյա բնակիչ, իսկ ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում գտնվող Յուրիկ Թամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ: Իսկ երկու անձինք իր ընտանիքի անդամներն են՝ կինն ու հարսը: Այս դեպքն արձանագրվել էր 2013 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը. ամբաստանյալը հակագազով ու կացնով հարձակվել էր կնոջ ու հարսի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ անցյալ տարվա սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Յուրիկ Թամազյանը Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կնոջն ու հարսին՝ Զեմֆիրա Մացակյանին ու Վարդուշ Ղարախանյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հացրել վերջիններիս գլխի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:
Հարսին՝ Վարդուշ Ղարախանյանին հաջողվել է դուրս գալ բնակարանից և օգնություն կանչել, որին արձագանքել են հարևանները, և Յուրիկ Թամազյանը, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը, դիմել էր փախուստի:
Նշենք, որ գործով իրեղեն ապացույցները, այդ թվում՝ հակագազը ու կացինը, կազմում են 22 փաթեթ: