Բաժիններ՝

Երևանում աստիճանաբար արդիականացվում են գովազդային կրիչները

Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց  գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երևանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։

<<Գովազդային կազմակերպություններին տրամադրված թույլտվության ժամկետների լրանալուն պես՝ քաղաքապետարանը, համագործակցելով այդ ընկերությունների հետ, առաջարկեց փոխարինել կրիչները քաղաքում կիրառելի նմուշի կրիչներով, քանի որ դրանք պետք է ձուլվեն քաղաքի ճարտարապետությանը և գերիշխող չլինեն։  Գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաև բազմագործառութային կրիչներ>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Գովազդային կրիչների արդիականացումը 2014թ. ևս շարունակվելու է Երևանի կենտրոնական հատվածներում, իսկ կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների տեղադրման գործող չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի կանոնակարգումը շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս