Բաժիններ՝

«UWC Դիլիջան» միջազգային դպրոց և UWC քոլեջների ցանց ընդունելությունը շարունակվում է

Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց` 2014-2016թթ. համար: 2014 թ. սեպտեմբերին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը «UWC Dilijan միջազգային դպրոցում» եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: «UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

Բոլոր ցանկացողները կարող են հայտադիմումը լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին: 2014թ. մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը:

Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին:

Ընդունելության հայտում աշակերտները հնարավորություն ունեն հերթականությամբ նշել UWC այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում են սովորել։

Կարդացեք նաև

Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC համակարգում դասավանդվում է Միջազգային Բակալավրիատի (IB) դիպլոմա ծրագիրը, որն հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: «UWC Dilijan» միջազգային դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: UWC համակարգի տարբեր դպրոցներ առաջարկում են ուսման տարբեր պայմաններ: Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել IDeA հիմնադրամի հանրային կապերի համակարգող Տաթեւիկ Մելիքյանին՝ [email protected] հասցեով կամ զանգահարելով 583346 (ներքին համարը՝ 115):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս