Բաժիններ՝

Թուրքական ունիվերսալ դեսանտանավի կառուցումը կարժենա ավելի քան 800 միլիոն դոլար

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ թուրքական ունիվերսալ դեսանտանավի կառուցումը հավանաբար կկազմի ավելի քան 800 միլիոն դոլար: Այս մասին թերթին հայտնել են աղբյուրները՝ ընդգծելով, որ դա անկասկած կլինի ամենաթանկարժեք ռազմածովային ծրագիրը՝ հենված միասնական հարթակի վրա:

Փորձագետները չեն բացառում, որ վերջին հաշվով նախագիծը կարժենա 900 միլիոն դոլար և անգամ 1 միլիարդ դոլար: Պաշտպանական գնումների ոլորտի ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել այս թվերը՝ հավելելով, որ վերջնական արժեքը հայտնի կդառնա արտադրման վերջին փուլում:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր հանձնաժողովը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ընտրել է թուրքական Sedef Gemi Insaati A.S. ընկերությանը՝ բանակցություններ սկսելու համար թուրքական առաջին ունիվերսալ դեսանտանավի (Landing Platform Dock – LPD) կառուցման ծրագրի իրագործման շուրջ:

Ընկերությունն իսպանական Navantia ընկերության հետ գտնվում է կոնսորցիումի կազմի մեջ: Բանակցությունների ձախողման դեպքում դրանք կշարունակվեն մեկ այլ հավակնորդի՝ թուրքական DESAN Deniz Insaat Sanayi A.S. ընկերության հետ: Թուրքական բազմանշանակ դեսանտանավի կառուցման մրցույթը մեկնարկել է 2010 թվականին:

LPD ծրագիրը նախատեսում է այնպիսի նավի կառուցում, որն ունակ կլինի տեղափոխել մինչև 1000 զինծառայող, 13 տանկ, 81 զրահամեքենա, ինչպես նաև հագեցած կլինի 8 բազմանշանակ ուղղաթիռով ու 3 անօդաչու թռչող սարքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս