
Բահրեյնի կառավարությունը դադարեցրել է ընդդիմադիր ուժերի հետ ազգային երկխոսությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի կառավարությունն այսօր հայտարարել է ընդդիմադիր ուժերի հետ ազգային երկխոսության դադարեցման մասին: Բանակցային նոր փուլը մեկնարկել էր նախորդ տարվա փետրվարին՝ վերջ դնելու համար թագավորությունում առկա քաղաքական ճգնաժամին:
Բահրեյնի կառավարությունն այդպիսի որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ ընդդիմության ներկայացուցիչները երկու անգամ բոյկոտել են երկրի մայրաքաղաք Մանամայում պլանավորված հանդիպումը:
Բահրեյնի ընդդիմադիր ուժերի դաշինքը՝ շիական ազդեցիկ «Ալ-Վիֆակ» («Համաձայնություն») դաշինքի գլխավորությամբ, դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին էր հրաժարվել սուննի կառավարության հետ բանակցելուց՝ որպես բողոքի նշան շարժման առաջնորդներից Հալիլ Մարզուկին կալանավորելու դեմ, ով մեղադրվել է բռնություններ հրահրելու մեջ: