
Ադրբեջանում արգելվել է սմարթֆոնով խորհրդարանի շենք մուտք գործելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարի 1-ից արգելվել է սմարթֆոններով խորհրդարանի շենք մտնելը: Այս մասին գործակալությանը հայտնել է խորհրդարանի մամլո քարտուղար Ակիֆ Թավաքյուլօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ խորհրդարանի շենք մտնող բոլոր անձինք պետք է իրենց սմարթֆոններն ու Android համակարգով սարքերը հանձնեն անվտանգության աշխատակիցներին:
Թավաքյուլօղլուն ընդգծել է, որ այդ սահմանափակումներն առնչվում են բոլորին՝ անկախ նրանց պաշտոններից, սկսած պատգամավորներից և վերջացրած հյուրերով՝ ներառյալ լրագրողները: Նա հավելել է, որ այդ սահմանափակումները մտցվել են՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Գործակալությունն ընդգծում է, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ լրագրողներն իրենց սմարթֆոններով ֆիքսել են, որ պատգամավորները քվեարկում են միմյանց փոխարեն, կամ մեկ պատգամավորը քվեարկում է միանգամից մի քանիսի փոխարեն: