Բաժիններ՝

Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է թռչնագրիպից մահվան առաջին դեպքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում գրանցվել է թռնչագրիպից (H5N1) մահանալու առաջին դեպքը: Դա նմանատիպ առաջին դեպքն է նաև Հյուսիսային Ամերիկայում:

Կանադայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ թռչնագրիպից մահացածը բնակվում էր Ալբերտ նահանգում և 2013 թվականի դեկտեմբերին մեկնել էր Չինաստան: Թռչնագրիպի զոհի անվան ու սեռի մասին ոչինչ չի հաղորդվել:

Կանադայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ խոսքը գնում է H5N1-ով վարակվելու եզակի դեպքի մասին և որ երկրի տարածքում դրա տարածվելու հավանականություն համարում են նվազագույն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2013 թվականին աշխարհում գրանցվել է H5N1-ով վարակվելու 38 դեպք, որոնցից 24-ն ավարտվել է հիվանդի մահվամբ: H5N1 վարակը Հարավ-արևելյան Ասիայի երկրներում տարածում է գտել 2003 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս