
Օբաման Մերկելին հրավիրել է Վաշինգտոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ նրան հրավիրել է մոտակա ամիսներին ժամանել Վաշինգտոն: Մերկելն ընդունել է այդ հրավերը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Վերջինիս խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման մաղթել է, որ Մերկելը շուտափույթ ապաքինվի ոչ վաղ անցյալում դահուկներով սահելիս ստացած վնասվածքից, ինչի հետևանքով Մերկելը չեղյալ էր հայտարարել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:
Օբաման ու Մերկելը քննարկել են նաև 2014 թվականին անդրատլանտյան փոխգործակցության առաջադրանքները՝ ներառյալ նաև անդրատլանտյան ներդրումային ու առևտրային համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:
Նշվում է, որ վերջին կես տարում Վաշինգտոնի ու Բեռլինի փոխգործակցությունը բարդացրել է Գերմանիայի տարածքում ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսական գործունեության (այդ թվում նաև Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու) շուրջ ծագած սկանդալը, ինչը հնարավոր է դարձել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ: