
Ճապոնիան մտադիր է մոտ ժամանակներս ազգայնացնել 280 կղզի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել 280 կղզի, որոնք գտնում են իր տարածքային ջրերի սահմաններում կամ էլ իր տնտեսական բացառիկ գոտում:
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ պլանավորված է մոտ ժամանակներս ստուգել այդ սահմաններում ընկած բոլոր կղզիները՝ պարզելու համար նրանց տերերին, որոնց բացակայության դեպքում էլ դրանք կազգայնացվեն: Նրանք հավելել են, որ այդ ստուգումներն իրականացվելու են դեռևս հինգ տարի առաջ երկրի իշխանությունների ընդունած ծրագրի շրջանակներում:
Կառավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ հաշվետու ժամանակահատվածում տվյալ ծրագրի շրջանակներում ազգայնացվել է 99 կղզի, որոնց տերերին չի հաջողվել հայտնաբերել: Այժմ Ճապոնիան մտադիր է նախնական տվյալներով ազգայնացնել ևս 280 կղզի, որոնք գտնվում են նրա տարածքային ջրերի սահմաններում կամ էլ տնտեսական բացառիկ գոտում:
Սակայն այդ կղզիների մի մասը կարող է տարածքային վեճի պատճառ դառնալ Ճապոնիայի ու Չինաստանի միջև: 2012 թվականին այդ երկրների միջև տարածքային վեճ է բռնկվել Արևելա-չինական ծովում գտնվող անբնակ արշիպելագի համար:
Այն ժամանակ Ճապոնիան ազգայնացրել էր Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդայ) վիճելի կղզիները, սակայն Չինաստանն ու Թայվանը նախկինի նման հայտարարում են օգտակար հանածոներ ունեցող այդ տարածքի վրա իրենց իրավունքների մասին: