
Ռուսաստանը խափանել է ՄԱԿ ԱԽ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ հայտարարություն ընդունելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմից հայտարարություն ընդունելը, որը դատապարտում է կառավարական զորքերի կողմից Հալեպ քաղաքի ռմբակոծությունները: Այս մասին երեկ հայտնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակությունը պահանջել է ուղղումներ մտցնել հայտարարության տեքստում՝ փաստացիորեն բացառելով Հալեպում տեղի ունեցածի մասին որևէ հիշատակում: Արդյունքում, ՄԱԿ ԱԽ-ի անդամներին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել փաստաթղթի տեքստը:
Նշվում է, որ Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է խափանում Հալեպի ռմբակոծությունների վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմից հայտարարություն ընդունելը: ՄԱԿ ԱԽ-ի նիստում այդ փաստաթղթի նախորդ տարբերակի ընդունումը Ռուսաստանը մերժել է 2013 թվականի դեկտեմբերի 19-ին:
Այդ հայտարարությունով դատապարտվում էր կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներ գործելը և Հալեպում այսպես կոչված «տակառային ռումբեր» կիրառելը: Խոսքը գնում է ուղղաթիռներից պայթուցիկով, խոցող տարրերով ու վառելանյութով լեցուն բեռնարկղեր նետելու մասին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը Հալեպին սկսել են զանգվածային ավիահարվածներ հասցնել նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այդ ամենի հետևանքով Հալեպում զոհվել է ավելի քան 700 և վիրավորվել է մոտ 3000 մարդ: