
Ուկրաինայի խորհրդարանում հայտնվել է այս գարնանը նախագահական ընտրությունների անցկացում նախատեսող օրինագիծ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտնվել է երկրի նախագահական ընտրություններն արդեն այս տարվա մարտին և ոչ թե մեկ տարի անց (ինչպես որ պլանավորված է այսօր) անցկացնելու մասին օրինագիծը: Օրինագծի հեղինակն ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցն է:
Վերջինս պնդում է Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացնել 2014 թվականի մարտի 30-ին և ոչ թե 2015 թվականի մարտին, ինչպես որ դա «նախատեսում» են Ուկրաինայի սահմանադրության նորմերը:
Բրիգինեցը մանրամասնել է, որ այդ նորմերի համաձայն, հերթական նախագահական ընտրություններն անցկացվում են գործող նախագահի լիազորությունների հինգերորդ տարվա մարտի վերջին կիրակին, և քանի որ գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությունը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 25-ին, ուստիև նրա լիազորությունների հինգերորդ տարին սկսվում է 2014 թվականի փետրվարի 26-ից: