Արմեն Մարտիրոսյան. Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ի միջոցով էլ կարող է վերադառնալ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտ կարող է վերադառնալ ոչ միայն «Բարգավաճ Հայաստան», այլև` Հանրապետական, Դաշնակցություն կուսակցությունների, ավելին` ուժային կառույցների և արդարադատության համակարգի միջոցով:

168.am-ի հետ զրույցում` ի պատասխան մեր այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վերադարձի հա՞յտ էր, և արդյո՞ք նրա վերադարձը քաղաքականություն, ինչպես շատերն են պնդում, ԲՀԿ-ի միջոցո՞վ է կատարվելու, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Բոլոր համակարգերում էլ Ռ. Քոչարյանը նշանակած բազմաթիվ անձնավորություններ ունի, ուստի միայն ԲՀԿ-ի վրա կենտրոնանալը այս պահին ճիշտ չէ: Ի՞նչ է` Դաշնակցությունը Ռ. Քոչարյանի ժամանակ մեծամասնության կոալիցիայի կազմում չէ՞ր, իր հետ չէին համագործակցո՞ւմ, համագործակցում էին: Եթե անցյալի կտրվածքով ենք նայում` ամեն տարբերակ էլ կարող ենք դիտարկել»:

Ըստ Ա. Մարտիրոսյանի` ԲՀԿ-ն գուցե ժամանակին առնչություն ունեցել է Ռ. Քոչարյանի հետ, բայց այսօր կուսակցության անդամները «լսում են» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ես չեմ պատկերացնում այդ իրավիճակը: Ժամանակները փոխվել են ու ամեն ղեկավար իր ժամանակն է ունենում: Կարծում եմ` ԲՀԿ-ի միջոցով վերադարձը ռեալ չէ: Ցանկացած պարագայում գետը նույն ձևով չի մնում, հոսում է, իրավիճակները փոխվում են: Որքան էլ Քոչարյանը նախկինում ԲՀԿ-ի ձևավորման գործում առնչություն է ունեցել, որքան էլ նա ԲՀԿ-ում ցանկալի անձնավորություն է, լինում են տարբեր տեսակի խնդիրներ ու չեմ կարծում, թե հիմա հնարավոր է ԲՀԿ-ի միջոցով քաղաքական դաշտ վերադառնալ»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

Մարտիրոսյանը չբացառեց, որ Ռ. Քոչարյանը քաղաքական դաշտ կարող է վերադառնալ իշխող Հանրապետական կուսակցության միջոցով: «Ինչի՞ եք մտածում, որ Քոչարյանն անպայման պիտի ԲՀԿ-ի միջոցով գա` ՀՀԿ-ի միջոցով էլ կարող է վերադառնալ, չէ՞: Որքան պատգամավոր կա ՀՀԿ խմբակցությունում, որ Քոչարյանի նախագահության ժամանակից են պատգամավոր, որքան նախարարներ կան, որ գործող պատգամավոր են, բայց իր նախագահության ժամանակ են մաս կազմել կառավարությանը»:

Նա հիշեցրեց նաև երկրորդ նախագահի հայտարարություններից մեկը. «Չե՞ք հիշում, նա ասաց, թե 2007թ. խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակները ճշտվել են իր հետ: Ես համոզված եմ, որ նրա ազդեցությունը ՀՀԿ-ում դեռ կա, ինչպե՞ս կարող է չլինել: Վերադառնալու շատ ուղիներ կան, դրա համար եկեք մի փոքր ԲՀԿ-ին հանգիստ թողնենք: Ես կարծում եմ, որ ԲՀԿ անդամները լսում են Գագիկ Ծառուկյանին, իսկ թե Ծառուկյանը լսո՞ւմ է Քոչարյանին, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց, ըստ իս, Ծառուկյանն է վերահսկում ԲՀԿ կուսակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս