«Ռ. Քոչարյանի վերադարձը ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում կլինի, որ իրար չհոշոտեն»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունն` ուղղված գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, որևէ արդյունք երկրի համար չի կարող տալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Վարչապետն առանց նախագահի որևէ կերպ ոչինչ ինքնուրույն չի կարող որոշել և այն քաղաքականությունը, որը վարվում է Տիգրան Սարգսյանի կողմից` ՀՀ նախագահի հավանությամբ է իրականացվում: Հակառակ պարագայում` վարչապետը չէր վերանշանակվի: Վարչապետն առանց նախագահի, առանց ԱԺ մեծամասնության քաղաքական առումով ոչինչ է, ոչինչ չի կարող անել: Ուստի, եթե երկրորդ նախագահը ընդամենը թիրախ է դարձրել վարչապետ անձին, դա ոչինչ չի տալու երկրին»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ վարչապետի փոփոխությունը Հայաստանում դրական որևէ ազդեցության չի հանգեցնի` համոզված լինելով, որ երկրում արմատական փոփոխություններ են պետք:
«Նախկին նախագահներն ասում են այն, ինչ իրենք են ասել: Նույն այդ փուչիկի մասին մենք ասել ենք, տնտեսագետներն ասել են, որ դա հեռանկարային չէ, կարճաժամկետ է, նորմալ էֆեկտի համար մենաշնորհային, օլիգարխիկ դաշտն անթույլատրելի է:
Հիմա իրար սխալներն են բացահայտում, այն դեպքում, երբ նրանց վարած քաղաքականության արդյունքում երկիրը զրկվել է բոլոր տեսակի ռեսուրսներից, քաղաքացիները սնանկացված են մինչև վերջին աստիճան, ու ստիպված արտագաղթով են լուծում հարցը: Երկրում վաճառքի օբյեկտ էլ չմնաց, վերջինը «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասն էր` դա էլ վաճառեցին: Տնտեսությունը վատթարագույն շրջանն է ապրում, առևտրաշրջանառությունը ընկնում է…
Այս վիճակում իշխանության ներսում, նրանք ովքեր պետական բյուջեն են յուրացնում, հայտնվել են մի իրավիճակում, որ ստիպված միմյանց դեմ պիտի պայքարեն` հանուն նվազ եկամուտների: Եկամտատերերի քանակը գնալով նվազում է, իսկ նվազ եկամուտների հանգեցրել են ներիշխանական դաշտում բաշխման պահանջը, ինչը սրելու է պայքարը իշխանության ներսում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի սուր քննադատությունը Տիգրան Սարգսյանի հասցեին ըստ էության հայտ է վարչապետի պաշտոնում նրա վերադարձի համար, Ա. Մարտիրոսյանը նախ ընդգծեց, թե Ռ. Քոչարյանի մուտքը քաղաքական ասպարեզ որևէ պաշտոնի տեսքով ցանկալի չէ երկրի համար, ապա հավելեց.
«Նրա վերադարձը` բացարձակ պետք չէ… Գուցե նա ուզում է վերադառնալ, չգիտեմ… նրա նախագահությունը հայտնի է հակասական դրվագներով, որոնք հասարակության կողմից ոչ մի կերպ չընդունվեցին, ուստի ցանկությունը ցանկություն, բայց քաղաքական իրաղությունն այլ է: Եթե անգամ վերադարձը իրողություն դառնա, դա կլինի ոչ թե հասարակական պահանջի արդյունք, այլ` ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում կլինի, որ իրար չհոշոտեն: Դա կլինի ներկլանային լուծում»:
Մեր ճշտող հարցին, թե Քոչարյանի միջոցով ՀՀԿ-ն կլուծի՞ վարչապետի աթոռի համար վարվող ներկուսակցական «ռազբորկաները», Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա փոխել վարչապետին, դրա համար որևէ առանձնահոտուկ իրավիճակներ ստեծել պետք չեն, օգնության կարիք չկա»:
Նա չհամաձայնեց այն տեսակետներին, թե Քոչարյանի հարցազրույցը բավական «ընդդիմադիր» էր. «Ընդդիմադիր լինում են իշխանությանը, ոչ թե իշխանության մեկ անձի: Առավել ևս, երբ Քոչարյանը Սերժ Սարգսյանին պաշտպանության տակ է առնում, միայն վարչապետին է քննադատում: Ի՞նչ է` նախագահը չգիտի, ինչպիսի տնտեսություն է վարվում Տ. Սարգսյանի կողմից, առավել ևս, երբ նա մինչ այդ ԿԲ նախագահ է եղել: Նման բան չկա, որ մի վարչապետ ես քննադատում, ընդդիմադիր ես դառնում»: