Եվրասիական նախագծում ավտորիտար առաջնորդներն օգտագործում են միմյանց. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթում հրապարակվել է Կառնեգիի մոսկովյան կենտրոնի ավագ գիտաշխատող Լիլիա Շևցովայի հոդվածը, որն առնչվում է ԽՍՀՄ-ի վերածնման ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերին.

«Եթե հավատանք Վլադիմիր Պուտինին, ապա Եվրասիական միությունը դառնալու է միակարծիք երկրների «ընտանեկան գործ»: Սակայն Եվրոպայում վախենում են, որ Մոսկվայի եղբայրական հռետորիկայի հետևում թաքնված է չար ճշմարտություն. Կրեմլը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը և վերսկսել «Սառը պատերազմը»:

Եթե Պուտինը հիրավի դրել է այդպիսի նպատակներ, ապա նրա դրդապատճառները կարելի է միայն կռահել: Հնարավոր է՝ Բորիս Ելցինի ժառանգորդը ցանկանում է պատմության մեջ մտնել որպես խորհրդային պետությունը վերականգնած առաջնորդ:

Ներկայումս Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մտել են Մաքսային միության մեջ, սակայն դա միայն սկիզբն է: Մինչև 2015 թվականը նրանք միավորվելու են Եվրասիական միության մեջ:  Սակայն ապագա միության ձևը դեռ մեծապես պետք է հստակեցնել: Մոսկվան առաջ է քաշել վերպետական քաղաքական կառույցի գաղափարը, ինչը նշանակում է անկախության մասնակի կորուստ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակին նկատել է. «ինքնիշխանությունը սրբապատկեր չէ, որի համար պետք է աղոթել»: Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, ընդհակառակը, կարծում է, որ բավական է նաև տնտեսական ինտեգրումը:

Եվս մեկ խոչընդոտ է հանդիսանում այն, թե արդյոք պուտինյան պակտը ստորագրած երկրները կարո՞ղ են «սիրահետումներ ստանալ» այլ երկներից: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն խոչընդոտելու հարցում Կրեմլի ցուցաբերած վճռականությունը խոսում է այն մասին, որ Պուտինն իր եվրասիական նախագիծը դիտարկում է որպես այլընտրանք Միասնական Եվրոպային:

Դա զարմանալի չէ. մինչև 20-րդ դարի սկզբները ձգվող արմատներով ռուսական եվրասիականության մշտապես թշնամաբար է տրամադրված եղել Եվրոպայի ու Արևմուտքի հանդեպ: Պուտինը չէր կարող այդքան հեռու գնալ, եթե նրա պլանը չամրագրվեր ռուսական ֆինանսական հզորությամբ:

Վերլուծաբանների հաշվարկներով՝ Լուկաշենկոյի վարչակարգը Ռուսաստանի համար տարեկան արժենում է 7-12 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի հետ «միության» հարցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի համաձայնության համար Ռուսաստանը ներդրում է 15 միլիարդ դոլար և խոստացել է նվազեցնել գազի գինը:

Սակայն ռուսական բյուջեն ունակ է դիմանալ միայն սահմանափակ քանակությամբ նմանատիպ կաշառքների: Բացի այդ, փողի պակասը միակ խոչընդոտը չէ. Ուկրաինայում ու Բելառուսում Ռուսաստանից կախված լինելը հակասում է ազգայնական լայն տրամադրություններին: Մյուս կողմից էլ ռուսներին կարող է հոգնեցնել իրենց էլիտաների կայսերական համալիրների համար վճարելը:

Եվրասիական նախագիծը հետխորհրդային արշիպելագի միրաժն է, որում ավտորիտար առաջնորդներն օգտագործում են միմյանց, որպեսզի երկար մնան իշխանության ղեկին: Դա կտևի ևս ինչ-որ ժամանակ, սակայն շուտով վերջ կտրվի Պուտինի կայսերական հավակնություններին»:

Տեսանյութեր

Լրահոս