Բաժիններ՝

ԱՄՆ սենատը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատն ընդունել է S. RES. 319 բանաձևը, որում աջակցություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և անկախ ու ժողովրդական ապագա ունենալու նրա ինքնիշխան իրավունքին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

Սենատորներն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առաջնորդներին կոչ են արել շարունակել համատեղ աշխատանքը՝ ակտիվորեն աջակցելու համար Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի խաղաղ և ժողովրդավարական կարգավորմանը: Բացի այդ, բանաձևում Ուկրաինայի ցուցարարներին, ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում անցկացնել ազգային հաշտեցման երկխոսություն:

Քաղաքական բոլոր կուսակցություններին կոչ է արվում զերծ մնալ ատելություն բորբոքելուց կամ այնպիսի գործողություններից, որոնք կարող են պառակտել Ուկրաինայի ժողովրդին: Ուկրաինայի կառավարությանը կոչ է արվում զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կամ բռնության ակտերի հետագա կիրառումից, ինչպես նաև պահպանել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները:

Փաստաթուղթը կտրականապես դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ կապված 2013 թվականի նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին ու 11-ին խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելու հետ: Կոչ է արվում անհապաղ ազատ արձակել խաղաղ հանրահավաքների ժամանակ բոլոր ձերբակալվածներին:

Ընդգծվում է, որ խաղաղ ցուցարարների հանդեպ պետական հետագա բռնությունների դեպքում ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսը պետք է դիտարկեն նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Խոսքը գնում է բռնության մասին հրամանների համար պատասխանատուների նկատմամբ վիզային սահմափանափակումներ մտցնելու ու նրանց ակտիվները սառեցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս