Բաժիններ՝

Սիրիայում գործող արմատական իսլամականները մնացյալ ապստամբներին ոչնչացնելու կոչ են տարածել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) իսլամական արմատական խմբավորումն իր անդամներին կոչ է արել ոչնչացնել մնացյալ բոլոր սիրիացի ապստամբներին: ISIL-ն այդպիսի կոչով աուդիոուղերձ է տարածել երեկ:

Դրանում ISIL-ի ներկայացուցիչ Աբու Մոհամմեդ Ալ-Ադնանին նշել է, որ խմբավորման անդամները սիրիացի մնացյալ բոլոր ապստամբներին համարում en հարվածի համար «օրինական թիրախ»:

Նրա խոսքերով՝ Սիրիական Ազգային դաշինքը պատերազմ է հայտարարել ISIL-ին, ինչի համար էլ խմբավորման անդամները պետք է հետապնդեն դաշինքի բոլոր մասնակիցներին՝ բացառությամբ նրանցից, ովքեր հրապարակավ կհայտարարեն նրա կազմից դուրս գալու և ISIL-ին միանալու մասին:

ISIL-ի անդամները պետք է առանց բացառության ոչնչացնեն իրենց դեմ մարտնչող բոլոր ապստամբներին՝ «հանցավոր գործունեությունը խեղդելով հենց սաղմում», ինչն օրինակ կհանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր կորոշեն ընթանալ նման ուղով:

Նշվում է, որ հունվարից սկսած՝ Սիրիայի հյուսիսում ու արևելքում զինված բախումներ են ընթանում ISIL-ի և ապստամբական այլ խմբավորումների միջև: Ընդդիմադիր խմբերը միավորվելով կարողացել են արմատական իսլամականներին դուրս մղել Հալեպի, Իդլիբի ու Համայի նահանգներում նրանց զբաղեցրած դիրքերից: Վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցված այդ բախումներում զոհվել է ավելի քան 120 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս