
100 տարում քրիստոնյաների քանակն աշխարհում ավելացել է գրեթե 4 անգամ. հետազոտություն

KAI գործակալության փոխանցմամբ՝ 1910-2010 թվականներին քրիստոնյաների քանակն աշխարհում 600 միլիոնից հասել է մինչև 2.2 միլիարդ մարդու: Ընդ որում, Ասիայում և Լատինական Ամերիկայում այդ ցուցանիշն աճել է շատ ավելի արագ, քան՝ Եվրոպայում:
Այս մասին հայտնել է ամերիկյան Pew Forum on Religion and Public Life հետազոտական կենտրոնը: 1910 թվականին քրիստոնյաների 2/3-ը բնակվում էր Եվրոպայում, մինչդեռ ներկայումս դա նվազել է մինչև մեկ քառորդի: Քրիստոնյաների մասնաբաժինը կրճատվել է նաև (քրիստոնեության բնօրան) Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում:
Այստեղ նրանց քանակը կազմում է մոտ 13 միլիոն մարդ: Դա կազմում է աշխարհի քրիստոնյաների ընդհանուր քանակի 1 տոկոսից էլ պակաս և տվյալ տարածաշրջանի բնակչության միայն 4 տոկոսը: Միևնույն ժամանակ աշխարհի խոշորագույն (բնակչությամբ) իսլամական երկիր Ինդոնեզիայում քրիստոնյաների քանակը գրեթե երկու անգամ ավելի մեծ է՝ 24 միլիոն մարդ:
Բոլոր քրիստոնյաների կեսը կաթոլիկներ են: Ամենամեծ կաթոլիկ համայնք ունեցող երկիրը Բրազիլիան է, ուր նրանց թվաքանակը կազմում է 120 միլիոն մարդ: Հետազոտողներն ընդգծում են ևս մեկ ուշագրավ ֆենոմեն. Նիգերիայում ներկայումս բնակվում է մոտ 60 միլիոն բողոքական: Դա երկու անգամ ավելին է՝ համեմատած Ռեֆորմացիայի հայրենիք Գերմանիայի ցուցանիշի (29 միլիոն բողոքական) հետ: