
ԱՄՆ-ում ուժգին ցրտերի պատճառով ավիաընկերությունների ու ուղևորների կրած վնասը կազմել է 1.4 միլիարդ դոլար

Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում առկա չափազանց ցուրտ եղանակն ավիաընկերություններին ու նրանց ուղևորներին պատճառել է 1.4 միլիարդ դոլարի վնաս:
Այս մասին են վկայել MasFlight տեխնոլոգիական ընկերության հաշվարկները, որը վերլուծել է հունվարի 1-6-ին 19.000 չեղյալ հայտարարված և 76.000 հետաձգված ավիաչվերթները: Ընդհանուր գումարից գրեթե մեկ միլիարդ դոլարը բաժին է ընկել ուղևորներին:
MasFlight-ը հաշվարկել է, որ ուժեղ ցրտերի պատճառով ժամանակին չի կարողացել թռչել 8 միլիոն մարդ: Վնասի չափը հաշվարկվել է՝ ելնելով աշխատանքային ժամանակի դատարկ վատնումից և այն հավելյալ ծախսերից, որոնք ուղևորները հարկադրված են եղել անել՝ չվերթների չեղյալ հայտարարման պատճառով վճարումներ անելով հյուրանոցներին:
Ինչ վերաբերում է ավիաընկերություններին, ապա նրանց վնասը հաշվարկվել է՝ ելնելով հավելյալ օպերացիոն ծախսերից: Թռիչքների չեղյալ հայտարարումը կամ հետաձգումը տեղի է ունենում ցամաքային ծառայությունների աշխատանքների խափանման պատճառով, ինչպես նաև ինքնաթիռների վերգետնյա մշակման համար հակասառեցնող հեղուկի դեֆիցիտի պատճառով: