Ford-ի գլխավոր տնօրենը հերքել է Microsoft տեղափոխվելու հնարավորության մասին տեղեկատվությունը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ford ընկերության գլխավոր տնօրեն Ալան Մուլալին, որին ավելի վաղ անվանում էին Microsoft-ի ղեկավարի պաշտոնում Սթիվ Բալմերի հավանական փոխարինողներից մեկը, կշարունակի ավտոկոնցեռնում մնալ առնվազն մինչև 2014 թվականի ավարտը:
Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Ալան Մուլալին: Նա հավելել է, որ ցանկացել է դրանով իսկ վերջ դնել Microsoft իր տեղափոխության մասին խոսակցություններին, որպեսզի չանհանգստացնի Ford-ի բաժնետերերին: Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե արդյոք իր տեղափոխության հարցով շփվե՞լ է Microsoft-ի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ 2014 թվականը Ford ընկերության համար լինելու է իր նորագույն պատմության ամենակարևոր տարիներից մեկը: Ամերիկյան ընկերությունը պլանավորում է 12 ամսվա ընթացքում շուկա դուրս բերել միանգամից 23 նոր ավտոմեքենա: Մուլալին Ford-ում աշխատում է 2006 թվականից, մինչ այդ նա 36 տարի նվիրաբերել է Boeing ինքնաթիռների արտադրությանը:
Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա այստեղ նոր գլխավոր տնօրենի փնտրտուքը սկսվեց այն բանից հետո, ինչ նախորդ տարվա օգոստոսին իր հրաժարականի մասին հայտարարեց 1980 թվականից ընկերությունում աշխատող Սթիվ Բալմերը: Բալմերն իր պոստը լքելու է 12 ամսվա ընթացքում: