Ադրբեջանն ամփոփել է ՄԱԿ ԱԽ-ում իր գործունեությունը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ժամանակավոր անդամությունը, որը մեկնարկել էր 2012 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում նախագահել է երկու անգամ՝ 2012 թվականի մայիսին և 2013 թվականի հոկտեմբերին:
Տվյալ ժամանակահատվածում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ-ի 59 բաց և փակ նիստ, ընդունվել է 7 բանաձև, ԱԽ-ի նախագահի 3 հայտարարություն և 13 հայտարարություն մամուլի համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է դարձել 2011 թվականի հոկտեմբերի վերջերին՝ առաջ անցնելով Սլովենիայից: ՄԱԿ ԱԽ-ն ունի 5 մշտական (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և 10 ժամանակավոր անդամ: Վերջիններս ՄԱԿ ԱԽ-ին անդամակցում են միայն երկու տարով և, ի տարբերություն մշտական անդամների, չունեն վճռական ձայնի՝ վետո դնելու իրավունք: