Ճապոնիան Թուրքիային է հանձնել Türksat 4А արբանյակը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան Թուրքիային է հանձնել Türksat 4А արբանյակը: Այդ արարողակարգին մասնակցել են Ճապոնիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և այլք:
Türksat 4А արբանյակի արձակումը պլանավորված է այս տարվա փետրվարի 15-ին, Ղազախստանից: Այն ստեղծել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը: Türksat 4А և TÜRKSAT 4B արբանյակներ ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մարտին: Türksat 5A արբանյակի շահագործումը պլանավորված է 2016 թվականին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Թուրքիան Չինաստանի Jiuquan քաղաքի տիեզերակայանից արձակել է իր երկրորդ արբանյակը՝ Göktürk-2-ը, որն օգտագործվում է պաշտպանական նպատակներով: Թուրքական առաջին հետախուզական արբանյակը՝ RASAT-ը, ուղեծիր է արձակվել 2011 թվականին:
Göktürk-2 արբանյակի արձակումից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կառուցելու է սեփական տիեզերակայան՝ արբանյակների արձակման համար: Էրդողանի խոսքերով՝ ներկայումս աշխարհում տիեզերակայան ունի միայն 11 երկիր, և որ միայն 25 երկիր է արբանյակ ուղարկել ուղեծիր:
Արբանյակների ստեղծումը Թուրքիայում կազմում է այն պետական ծրագրի մի մասը, որն ուղղված է սեփական արտադրության սպառազինությամբ ու հանդերձանքով սեփական բանակի կարիքների ապահովմանը:
Ավելի վաղ Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ անելու տասնամյա ծրագիր:
Էրգյունի խոսքերով՝ ներակյումս Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքն արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է: Արդեն իսկ հայտնի է նաև թուրքական Göktürk 3 արբանյակի արձակման ժամկետը: Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուժդատ Ուլուդաղը հայտարարել է, որ դա տեղի է ունենալու 2019 թվականի վերջին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թվականին Թուրքիայում շարք է մտնելու առաջին օդա-տիեզերական կենտրոնը: Այն անվանվելու է AIT Center, որը կառուցելու է ֆրանս-իտալական Thales Alenia Space ընկերությունը: AIT Center-ի տարածքը կազմելու է 3000 քառակուսի մետր: Կենտրոնի կառուցումը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերին և ավարտվելու է 2014 թվականի մայիսին: