
Այսօր Աթենքում տեղի կունենա ԵՄ-ում Հունաստանի նախագահության մեկնարկի պաշտոնական արարողությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Աթենքում տեղի կունենա ԵՄ-ում Հունաստանի նախագահության մեկնարկի պաշտոնական արարողությունը: Խոսքը գնում է Եվրահանձնաժողովի անդամների ու Հունաստանի կառավարության անդամների համատեղ նիստի անցկացման մասին:
Նիստին մասնակցելու են ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ-ի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի այլ անդամներ: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հանդիպումներ է ունենալու Բառոզուի ու Ռոմպեյի հետ:
Հունաստանը ԵՄ-ում նախագահելու է 2014 թվականի առաջին կեսին: ԵՄ-ում Հունաստանի առաջնահերթությունների թվում են լինելու տնտեսական աճը, գործազրկության դեմ պայքարը, եվրոպական երկրների համերաշխության ամրապնդումը, բանկային ու ֆինանսական միության խորացումը, ներգաղթյալների ներհոսքին հակազդելը և ԵՄ-ի ծովային քաղաքականության ավելի ակտիվ իրագործումը: