Կահիրեում վերսկսվում է Մուրսիի նկատմամբ դատական գործընթացը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կահիրեում վերսկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման նկատմամբ դատական գործընթացը՝ կապված ցուցարարների սպանությունը հովանավորելու հետ:
«Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայարի մոտ մարդկանց զոհվելու գծով հարուցված քրեական գործով լսումները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերի 4-ին: Դրանցում քննարկվում են 2012 թվականի դեկտեմբերի 5-ի իրադարձությունները, երբ հակաիսլամական ուժերը բողոքի զանգվածային ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հանրաքվեն:
Հանրահավաքի թեժ պահին ցուցարարների վրա հարձակվել էին իսլամականների զինված կողմնակիցները, և նախագահական նստավայրի շրջանը վերածվել էր մարտադաշտի: Այն ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել էր 10 և վիրավորվել էր ավելի քան 700 մարդ:
Ընդդիմադիր ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել էին ավելի քան 20 մարդու զոհվելու մասին: Տվյալ գործով դատական առաջին նիստից հետո հայտարարվել էր երկամսյա ընդմիջում՝ կապված գործի նյութերի վերաբերյալ հավելյալ հետազոտություն անցկացնելու անհրաժեշտության հետ, իսկ Մուրսիին տեղափոխել էին Ալեքսանդրիայի մոտ գտնվող Բուրգ ալ-Արաբի բանտ:
Բացի այդ, Կահիրեում ևս մեկ դատական գործընթաց է սկսվել Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» առաջնորդների դեմ՝ կապված 2013 թվականի հունիսի 30-ին իսլամականների շտաբ-բնակարանի մոտ ցուցարարների զոհվելու հետ: Այն ժամանակ այնտեղ հրաձգային զենքի մասնակցությամբ իսկական մարտ է տեղի ունեցել իսլամականների ու նրանց հակառակորդների միջև:
Միևնույն ժամանակ ներկայումս Եգիպտոսում պատրաստվում են Մուրսիի դեմ գործարկել երրորդ գործընթացը՝ կապված օտար երկրների օգտին լրտեսություն կատարելու, պետական դավաճանության ու պետական գաղտնիքների բացահայտման հետ: Այս դատական գործընթացի մեկնարկելու օրը դեռ չի հայտարարվել: