ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն պաշտպանո՞ւմ Տիգրան Սարգսյանին

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից շատերը խուսափում են գնահատականներ հնչեցնել Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճի վերաբերյալ: Մեզ հետ հեռախոսազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից ոմանք կտրականապես հրաժարվեցին խոսել այդ թեմայի շուրջ անգամ այն ժամանակ, երբ հիշեցրինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործող ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին խոսելիս ասել էր, որ եթե վարչապետը խուսափում է պատասխանատվությունից, ուրեմն նա բանականության «դեգրադացիա է ապրել», իսկ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, թե ինքը չի մեկնաբանի պատասխան հայտարարությունները: «Ընդհանրապես չեմ մեկնաբանում, եթե այդ թեմայից դուրս ուրիշ հարց ունեք` ասեք: Եկեք այս թեման լրիվ փակենք, էլի… ուրիշ եթե հարց ունեք…»,- նշեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել այն` պատճառաբանելով, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չի կարդացել: «Առիթ չեմ ունեցել կարդալու, դրա համար որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են խոսել Քոչարյան-Սագսյան բանավեճի մասին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Չգիտեմ… Այ, չեմ կարող դա մեկնաբանել»:

Հարցին, թե չե՞ք պատրաստվում կարդալ, պատգամավորը պատասխանեց. «Եթե անկեղծ ասեմ` չէ, չի հետաքրքրում»: Դիտարկմանը, թե հետաքրքիր չէ՞ ծանոթանալ երկրորդ նախագահի գնահատականներին ՀՀ վարչապետի մասին և որևէ կերպ պաշտպանել նրան, Խ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտողար Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե իշխող կուսակցությունը չի արձագանքի գործող վարչապետի հասցեին հնչեցրած գնահատակններին: «Ռոբերտ Քոչարյանի արձագանքին Տիգրան Սարգսյանը պատասխանել է, իր կարծիքն է հայտնել, ուստի ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ցանկություն չունե՞ք որևէ կերպ արդարացնելու, պաշտպանելու վարչապետին, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը պաշտպանության կարիք ունի, չեմ կարծում, որ պաշտպանելու կարիք կա, նման առիթ կա:  Եվ երկրորդ նախագահը, և գործող վարչապետը տվել են իրենց գնահատակնները և իմ կողմից որևէ գնահատկան տալ նրանց խոսքերին տեղին չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս