«Մուսավաթ» կուսակցությունը դուրս է եկել Ազգային խորհրդի կազմից
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսավաթ» կուսակցությունը դուրս է եկել Ազգային խորհրդի կազմից: Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մեհման Ջավադօղլուն, ըստ որի՝ այդպիսի որոշում ընդունվել է հունվարի 6-ին տեղի ունեցած կուսակցության նիստում:
Ջավադօղլուն, սակայն, չի մեկնաբանել տվյալ որոշման պատճառը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ կուսակցությունն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Նշվում է, որ «Մուսավաթ» կուսակցությունը հանդիսացել է Ազգային խորհրդի հիմնադիրներից մեկը:
Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) 2013 թվականի Ադրբեջանի նախագահական ընտրությունների շեմին ստեղծվել է որպես ընդդիմադիր քաղաքական միավորում: Վերջին շրջանում «Մուսավաթի» ներկայացուցիչները և կուսակցությանը մոտ կանգնած ԶԼՄ-ները գնալով ավելի հաճախ էին ակնարկում, որ ԺՈՒԱԽ-ը Կրեմլի նախագիծն է: