
Իրաքում ապստամբների հետ բախման հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 100 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի Անբար նահանգում երեկ բախումներ են գրանցվել իրավապահ մարմինների և գործող իշխանությունների դեմ ապստամբած սուննիների միջև: Այդ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:
Ոստիկանների ու ապստամբների միջև երեկ բախումներ են գրանցվել Ֆալուջա ու Ռամադի քաղաքներում: Իշխանությունների տվյալներով` զոհվել է 32 խաղաղ բնակիչ և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման 71 զինյալ: Զոհված ոստիկանների քանակը դեռ հայտնի չէ:
Նշվում է, որ հունվարի 2-ին ապստամբները գրավել են Ֆալուջա և Ռամադի քաղաքների զգալի մասը և գրավված հատվածներում տեղակայել են զինված ամրակետեր: Դրանից հետո կառավարական զորքերը փորձել են վերադարձնել իրենց վերահսկողությունը այդ քաղաքների վրա, սակայն հանդիպել են կատաղի դիմադրության: