G8-ի նախագահությունն ստանձնել է Ռուսաստանը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թվականի հունվարի 1-ից G8-ի նախագահությունն ստանձնել է Ռուսաստանը: Ռուսաստանից բացի, G8-ի կազմի մեջ են մտնում նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան:
2014 թվականի հունիսի 4-5-ին Սոչիում տեղի է ունենալու G8-ի առաջնորդների հոբելյանական` 40-րդ, գագաթաժողովը: Այն միտված է լինելու անվտանգ աշխարհում կայուն աճի ապահովման ռիսկերի ղեկավարմանը:
G8-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններն են լինելու հակաթմրանյութային համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հակամարտությունների կարգավորումը, բնական աղետների ռիսկերի ղեկավարման գլոբալ համակարգի ձևավորումը, առողջության գլոբալ անվտանգությունը:
Նշվում է, որ G8-ը առաջատար դեր է խաղում համաշխարհային տնտեսությունում. նրան է բաժին ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 50 տոկոսը, արտահանման 35 տոկոսը, ներկրման 38 տոկոսը, էներգիայի համաշխարհային արտադրության 32 տոկոսը: G8-ի անդամները մասնակցում են միջազգային առավել սուր խնդիրների լուծման մշակմանը:
Դա մասնավորապես վերաբերում է Սիրիական հակամարտությանը և Իրանի միջուկային ծրագրին: G8-ի անդամ 8 երկրներից 4-ը հանդիսանում են ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ, որոնց վրա է դրված երկրագնդում խաղաղության պահպանման հատուկ պատասխանատվությունը: