
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է «ճոխության հարկի» սահմանումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է «ճոխության հարկի» սահմանումը: Խոսքը գնում է 1 միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցողներին 75 տոկոսով հարկելու մասին:
Այդ ֆիսկալ նորման բացառություն չի հանդիսանա նաև ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբների համար, որոնք ակտիվորեն հանդես են գալիս այդ նորարարության դեմ: Ավելի վաղ ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարությունը վճռական բողոք է հայտնել տվյալ միջոցի դեմ, որն արդեն իսկ հավանության է արժանացել խորհրդարանի կողմից: Այն վիթխարի վնասներ կպատճառի ակումբներին:
75 տոկոսանոց «ճոխության հարկի» սահմանումը հանդիսացել է նախընտրական կամպանիայի ժամանակ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի տված առանցքային խոստումներից մեկը: Սակայն դա կյանքի կոչելուն խանգարում էր Սահմանադրական խորհուրդը, որը ֆիսկալ այդ բարեփոխումը ճանաչել էր որպես հակասահմանադրական:
Ի պատասխան` կառավարությունն առաջարկել է այլ սխեմա, որն էլ ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից: