
Կիպրոսի ափերի մոտ իրականացվել է Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման գործողության նախապատրաստումը

ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Դանիայի ու Նորվեգիայի տրամադրած երկու բեռնանավից ու երկու ֆրեգատից բաղկացած նաատորմիկը պատրաստվում է Կիպրոսի ափերի մոտ Սիրիայից քիմիական զենքի տարրերի դուրս բերման օպերացիայի իրագործմանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դանիա-նորվեգական օպերացիայի ներկայացուցիչ, մայոր Այստայն Մալկենես Կվարվինգը: Նավերի անձնակազմերն իրականացնում են վարժանքներ` բաց ծովում արտակարգ պատահարների գրանցման ժամանակ իրենց գործողությունները մշակելու համար: Դա նաև վերաբերում է նավի վրա հրդեհ բռնկվելուն և ծովայինների վիրավորվելուն:
Պլանի համաձայն, ֆրեգատներն ուղեկցելու են բեռնանավերին, որոնք պետք է Սիրիայի Լաթաքիա նավահանգստից վերցնեն ավելի քան հազար տոննա կազմող քիմիական վտանգավոր նյութերով բեռնարկղերը: Ապա նրանք մտնելու են Իտալիայի նավահանգիստներից մեկը, ուր այդ բեռը կփոխադրվի ամերիկյան Cape Ray նավ: Թունավոր նյութերի ոչնչացումը տեղի է ունենալու բաց ծովում: