Ամենատարօրինակ ամանորյա ավանդույթների եռյակը
ԱՄՆ-ում կազմվել է Նոր տարվա ամենատարօրինակ ավանդույթների «վարկանիշային ցուցակը»: Առաջին տեղում, ամերիկացիների կարծիքով, չիլիական ավանդույթն է: Չիլիի Տալկա քաղաքում ավանդույթը ծնվել է ոչ վաղ անցյալում` 1995թ-ին, երբ բազմազավակ ընտանիքը Նոր տարին դիմավորել էր մի քանի օր առաջ մահացած հարազատի շիրիմի մոտ: Ավանդույթը շարունակություն էր գտել քաղաքի մյուս բնակիչների շրջանում, եւ հիմա քաղաքի մոտ 10 հազար բնակիչները գալիք տարին դիմավորում են գերեզմանոցում:
Ամենատարօրինակ ավանդույթների երկրորդ հորիզոնականում ռումինական միջնադարյան սնահավատությունն է: Կարպատների բնակիչները հավատում են, որ Նոր տարվա գիշերը կենդանիները կարող են խոսել եւ բնակչությանը զգուշացնել գալիք անհաջողությունների մասին: Այնպես որ տոնական օրերին հատկապես գյուղերում լռություն է տիրում. բոլորը փորձում են լսել կանխագուշակությունները:
Երրորդ տեղում հացով տան պատերին եւ դռներին հարվածելու իռլանդական հնագույն ավանդույթն է: Այդ կերպ տեղի բնակիչները փորձում են տնից քշել չար ոգիներին: