Facebook Filter նոր հավելվածով կարող եք ֆիլտրել Facebook-ում ձեզ համար անցանկալի բովանդակությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Facebook-ում, ինչպես գիտեք, կարող եք ձեր լրահոսից թաքցնել էջերի գրառումները, սակայն այժմ արդեն դուք կարող եք թաքցնել նաև նույն գրառումները, եթե նույնիսկ ձեր ընկերներն են տարածել դրանք, և ոչ միայն:
Facebook-ում մեզնից յուրաքանչյուրը հանդիպում է որոշակի նյութերի, որոնք ինքը չի ցանկանում տեսնել: Այս խնդիրն արդեն լուծված է: Հայկական X-TECH ընկերության թիմը ստեղծել է նոր հավելված, որը կոչվում է Facebook Filter: Այն հնարավորություն է տալիս Facebook-ում այլևս չտեսնել ձեզ համար անցանկալի բառ կամ բառերով բովանդակություն`հոդվածները, ընկերների կարգախոսները, և այլն:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում պատմեց X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը՝ հավելվածը ստեղծված է Google Chrome բրաուզերն (դիտարկիչ) օգտագործողների համար:
«Հավելվածի միջոցով դուք կարող եք գրել մի շարք բառեր, որոնք չեք ցանկանում տեսնել Ձեր timeline-ում, դա կարող է լինել, օրինակ, մարդու անուն կամ որևէ բառ, ու այդպիսով արդեն նման բառեր պարունակող գրառումներն այլևս չեք տեսնի, եթե անգամ այդ բովանդակությունը տարածել է ձեր ընկերը»,- ասաց Ա. Աթոյանը` նշելով, որ այս կերպ կարելի է ֆիլտրել Facebook-ը մինչև անգամ անցանկալի 100 բառից:
Facebook-ում հավելվածի միջոցով ֆիլտրումը, ըստ մեր զրուցակցի՝ շատ պարզ է և հատուկ տեխնիկական գիտելիքներ չի պահանջում: Անհրաժեշտ է նախ ընտրել տեքստը, որը ցանկանում եք թաքցնել ձեր լրահոսից, սեղմել Alt + X և վերջ, արդեն ավտոմատ այդ բառի կամ բառերի ֆիլտրումը միացված է: Կամ էլ՝ պարզապես հավելվածի մեջ գրել մի շարք բառեր, որոնք ցանկանում եք ֆիլտրել, և վերջ:
Ա. Աթոյանի խոսքով` Facebook-ում բովանդակությունը ֆիլտրելու հնարավորությունը դեռևս ստեղծված է միայն Google Chrome բրաուզերն (դիտարկիչի) օգտագործողների համար, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց 50%-ից ավելին Google Chrome է օգտագործում, սակայն, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա մասնագետները կստեղծեն հավելվածի հնարավորությունը նաև այլ բրաուզերների` Safari-ի, Firefox-ի օգտագործողների համար: Գուցե նաև այլ հարթակներում բովանդակությունը ֆիլտրելու համար հնարավորություն ստեղծեն, օրինակ` Twitter-ում անցանկալի բովանդակությունը ֆիլտրելու համար:
Google Chrome-ի համար նախատեսված Facebook Filter հավելվածն անվճար կարող եք բեռնել այստեղից.