Արամ Հարությունյան. Առանց Մարդ-Բնություն ներդաշնակության անհնար է պատկերացնել ոչ միայն ժողովուրդների, այլ ողջ մարդկության ապագան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շրջում ենք մեր հազարամյա պատմության հերթական էջը: Սովորաբար տարեմուտին հետադարձ հայացք ենք նետում անցնող տարվան, իմի բերում կատարվածը ու կիսատ թողածը՝ գալիք տարում անելիքները ուրվագծելու և նպատակները նախանշելու համար:
Անցնող տարին հագեցած էր Հայաստանի Հանրապետության հարուստ բնաշխարհի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրային նոր նախաձեռնություններով և գործնական քայլերով: Այս միտումը պահպանվելու և բազմապատկվելու է նաև գալիք տարում: Բայց հայրենի բնությունը բոլորիս տունն է՝ այն փոքր տարածքը, որը մեզ բաժին է հասել մեր ժողովրդի հազարամյակների մաքառումների և ազգիս նվիրյալների արյան գնով:
Միայն այս գիտակցումով մենք կարող ենք պահպանել այն և արժանապատվորեն փոխանցել սերունդներին: Առանց Մարդ-Բնություն ներդաշնակության անհնար է պատկերացնել ոչ միայն ժողովուրդների, այլ ողջ մարդկության ապագան: Անհերքելի իրողություն է նաև, որ մեր գողտրիկ բնությունն այն կենսական միջավայրն է, առանց որի լիարժեքության հնարավոր չէ կառուցել ուժեղ, տնտեսապես զարգացած, առողջ ու կենսունակ սերունդով երկիր:
Հզոր պետություն, արժանապատիվ ապրող հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս լիարժեքորեն իրականացնի այն գործառույթները և պարտավորությունները, ինչը ստանձնել է երկրի, ժողովրդի, համայնքի, ընտանիքի առաջ: Պետք է գիտակցել, որ նոր տարին հերթական հնարավորությունն է՝ քայլ կատարելու դեպի մեր պետության հզորացում և զարգացում, ազգաբնակչության բարեկեցություն: Պետք է համախմբենք բոլոր ջանքերը մեր առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, բոլորիդ խաղաղություն, ինչի համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել, շենություն օջախներին, բարօրություն, սեր և երջանկություն Ձեր ընտանիքներին: Թող նոր՝ Ձիու տարում իրականանան Ձեր բոլոր հույսերն ու իղձերը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան