
Զարուհի Փոստանջյան. Թևան Պողոսյանի որոշումը գտնվում է անձնական որոշման տիրույթում

«Թևան Պողոսյանը ապագա ունեցող քաղաքական գործիչ է: Նրա հետ աշխատելն արդյունավետ էր, բայց իր որոշումը գտնվում է անձնական որոշման տիրույթում»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որև Թ.Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել, որի մասին դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Նա, մասնավորապես, գրել է. «Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ի պատասխան կայքի հարցի, հաստատել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ստացել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի հրաժարականի մասին գրավոր դիմումը:
«Ժառանգության» համամասնական ցուցակում Թ.Պողոսյանից հետո հաջորդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանն է, նրան հաջորդում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: