
Ռուսաստանը վճարելու է Բելառուսում ավիաբազայի օգտագործման համար

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանը վճարելու է Բելառուսում ավիաբազայի օգտագործման համար: Այս մասին հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: Նա հավելել է, որ գումարի կոնկրետ չափը կհստակեցվի երկու երկրների միջև պայմանավորվածություններին համապատասխան:
Դիվանագետն ընդգծել է, որ այդպիսի բաներն անվճար չեն լինում: Մասնավորապես, ռուսական կողմը վճարելու է թռիչքուղու ու կայանատեղիի օգտագործման համար: Բելառուսում ներկայումս կան նաև Ռուսաստանի այլ ռազմական օբյեկտներ, որոնց համար Ռուսաստանը, սակայն, չի վճարում:
Այն, որ Բելառուսում հայտնվելու է ռուսական ավիաբազա, հայտնի դարձավ անցած գարնանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կործանիչների առաջին օղակը Բելառուս է ուղարկվելու մինչև ընթացիկ տարեվերջ, իսկ մինչև 2015 թվականը նրա տարածքում տեղակայվելու է ռուսական ավիագունդ: