Զարուհի Փոստանջյանը՝ Տարոն Մարգարյանին. Ճիշտ կլինի զբաղվի գիտությամբ, թե չէ գիտությունը կտուժի
Երեկ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը երիթհանրապետականներին բնորոշ վարքագիծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ, այդ թվում, բուհի ուսխորհրդի անդամները, երիտհանրապետականները, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, չէին թողնում ներս մտնել լսարան ու լուսաբանել քաղաքապետի պաշտպանության ընթացքը:
«Մի՞թե մի խմբակ, որը դասալիք է, որը աշխատանքի չի գալիս, ես նկատի ունեմ ՀՀԿ-ականներին, ովքեր տապալեցին, չկարողացան Սերժ Սարգսյանի կարգադրությունը իրականացնել ԱԺ-ում, դրանց երիտասարդ տեսակը երեկ տնտեսագիտական համալսարանում էր: Ավելի մեծ թվով մենք ունենք երիտասարդներ, ովքեր և ԱԺ-ում իրենց դրսևորեցին որպես քաղաքացի, իրական քաղաքացի, և նաև այնտեղ ունեինք մեր լրագրողներին: Դա իրենց բնորոշ վարքագիծ էր»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, թե ՀՀԿ-ականները` ի դեմս երեկվա երիտասարդների, իրենց համար պատրաստում են մի սերունդ, որը պիտի փոխարինելու գա իրենց. «Բայց դրա հետ մեկտեղ կա մի սերունդ, որը նման երիտասարդներին թույլ չի տալու զարգացում: Պետք է անպայման գրել հաղորդում հանցագործության մասին: Կա լրագրողի աշխատանքի խոչընդոտում նրանց բոլորի և Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի կողմից:
Միանշանակ է` հանցակազմը կա: Ես ուղղակի հորդորում եմ գլխավոր դատախազին, որ ինքը իր նախաձեռնությամբ գործը սկսի, հարուցի քրեական գործ ու ՄԻՊ-ն էլ կարծում եմ, պետք է արձագանքի: Ես կարող եմ ինքս գրել հաղորդում հանցագործության մասին, բայց տվյալ պարագայում դա իրենց գործն է և եթե չանեն, չհարուցեն գործ, ուրեմն իրենք էլ այս շղթայի մեջ են»:
Նա նաև Տարոն Մարգարյանին հորդորեց քաղաքապետի պաշտոնը թողնել ու զբաղվել գիտությամբ: «Ես մի անգամ երեք անձանց նամակ էի հղել, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, իրենց խնդրել էի, որ վայր դնեն իրենց լիազորությունները, որպես բարձրաստիճան պետական պաշտոնյա, և զբաղվեն գիտությամբ: Ես իրենց ասել էի, որ գիտությունը կտուժի, եթե իրենք չզբաղվեն գիտությամբ, ճիշտ կլինի վայր դնեն լիազորությունները: Հիմա նույնը վերաբերելու է Տարոն Մարգարյանին: Ճիշտ կլինի զբաղվի գիտությամբ, թե չէ գիտությունը կտուժի»: