
Զաֆեր Չաղլայանը հրաժարական է տվել (լուսանկար)

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, որի որդին հայտնվել է Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նշվում է, որ դա տեղի է ունեցել Պակիստանից Թուրքիա վերադարձած վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ խորհրդակցությունից հետո:
Էրդողանը երեկ երեկոյան և գիշերային ժամերին Անկարայում գտնվող իր տանը հյուրընկալել է մի շարք նախարարների և քննարկել է կոռուպցիոն սկանդալը: Չաղլայանից առաջ էլ հրաժարական էր տվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, որի որդին նույնպես հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:
Թուրքական մամուլը հայտնել է, որ այս տարի Զաֆեր Չաղլայանն անձամբ է խնդրել իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռեզա Զերրաբին (կոռուպցիոն սկանդալի դեմքերից մեկը) իրեն նվիրել շվեյցարական Patek Philippe ընկերության ձեռքի ժամացույց:
300.000 շվեյցարական ֆրանկ (700.000 թուրքական լիրա կամ 350.000 ամերիկյան դոլար) արժողությամբ այդ ժամացույցը Թուրքիա է բերվել այս տարվա սեպտեմբերի 24-ին և միջնորդի միջոցով հատկացվել Չաղլայանին: