ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի անդամների համամասությունը փոփոխման կենթարկե՞ն

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգված են` դեկտեմբերի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջից հետո հնարավոր է կրճատվի հանձնաժողովում ոչ իշխանական ուժերի ներկայացուցչությունը:

Հիշեցնենք, որ երեկ`այն բանից հետո, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ դահլիճում հավաքեց ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց բաց` ձեռքով քվեարկության մասին:

Նման դեպքերում, ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում, ձայները հաշվում է Հաշվիչ հանձնաժողովը, որի 7 անդամներից 4-ը հաշվման կամ քվեարկության հետ կապված որևէ գործողության չեն մասնակցել:

ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն էլ, Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ. այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում:

Կարդացեք նաև

Հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական ուժերը, փաստորեն, օգտվելով հանձնաժողում մեծամասնություն կազմելու առավելությունից, հանձնաժողովի արտահերթ նիստ են պահանջում` չբացառելով ներկայացնել նաև Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:

168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե մտահոգություն չունե՞ք, որ ԱԺ-ն կարող է փոխել անդամների համամասությունը` ապագայում տեղ տալով իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներին: «Ոչ միայն մտավախություն ունենք, այլև` կանխատեսում ենք, որ հենց այդպես էլ կանեն, մենք դա հաշվի ենք առել: Բայց մենք պատրաստ ենք սրան»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս