
Ադրբեջանի հատուկ ծառայությունները մշտապես վերահսկման տակ են պահում էլեկտրոնային նամակագրությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեդիա դաշտի իրավունքների պաշտպանության ինստիտուտը կազմակերպել է «կլոր սեղան», որի ուշադրության կենտրոնում են եղել մեդիա և ինտերնետային ոլորտի օրենսդրությունը, համացանցում արտահայտվելու համար հալածանքները, հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային գաղտնալսումները:
Իր ելույթում հասարակական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Գաջիլին հայտարարել է, որ օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է սահմանված ԶԼՄ-ներում արտահայտվելու համար, ինչը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչներ հայտնվել են վանդակաճաղերից այն կողմ:
Իշխանությունները զրպարտանքի համար քրեական պատասխանատվությունը տարածել են նաև համացանցի վրա: Հատուկ մտահոգություն է հարուցում այն, որ հատուկ ծառայությունները մշտապես վերահսկում են համացանցում արված նամակագրությունը և գաղտնալսում են բոլոր հեռախոսազրույցները:
Այդ գործունեության վերահսկման որևէ մեխանիզմ գոյություն չունի: Հատուկ ծառայությունները հաշվետու չեն այդ աշխատանքի համար: Հետևելու դեպքերի մեծ մասն առնչվում է բլոգերներին ու քաղաքացիական ակտիվիստներին: