Վահան Զատիկյանի կինը բացահայտում է Զատիկյանների և Հակոբյանների ընտանիքի թշնամանքի պատճառը. news.am
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդիների եւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր որդիների միջեւ առաջացած թշնամանքը սկիզբ է առել «Օպերա» ակումբում ծագած վիճաբանությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սեդրակ Զատիկյանի մայրը` Սոխակ Խոցանյանը:
Նրա խոսքով՝ իրենք Հակոբյանների ընտանիքի հետ շատ նորմալ հարաբերություններ են ունեցել մինչեւ երեխաների դպրոցն ավարտելը: «Այսինքն` մինչեւ Վահանի դեպքը: Վահանը, որ կար, նրանք ռիսկ կանեի՞ն ինչ-որ բան անել: Դպրոցը ավարտելուց հետո ընկերությունը չշարունակեցին: Յուրաքանչյուրն իր շրջապատն ուներ, բայց զգում էի, որ նրանք ծանր են տանում այդ հանգամանքը, որ մեր երեխեքը իրանց երեխեքի հետ ընկերություն չէին անում: Բայց ընկերություն չանելու համար կոնկրետ պատճառ չկար: Պարզապես ընկերություն անելու համար պետք է ընդհանուր եզրեր ունենային, որը չունեին»,- պատմել է Զատիկյան եղբայրների մայրը եւ ընդգծեց, որ Ստեփան Հակոբյանը հիշաչար բնավորություն ուներ:
Սոխակ Խոցանյանը հիշելով զարգացումները, նշել է, որ տեւական դադարից հետո 2004-ին կամ 2005-ին Զատիկյանների եւ Հակոբյանների որդիները հանդիպում են «Օպերա» ակումբում: «Իմ տղան իր ընկերների հետ է այնտեղ գնացել եւ հարբած վիճակում ընկերների հետ հանդիպել է Ստեփան Հակոբյանին: Նա հարբած վիճակում մոտեցել է Անդրանիկին եւ խոսքի ընթացքում ասել է. «Ո՞վ ես դու, ո՞վ է քո հայրը» եւ այլն: Անդրանիկն էլ ասել է. «Դու չգիտես, թե իմ հայրը ով է եղել»: Բայց տեսնելով, որ հարբած է, ասել է. «Հիմա հարբած ես գնա, երբ առավոտյան սթափ կլինես, ասելու բան կունենաս, կգաս կխոսենք»: Հետո ամեն մեկը նստել է իր սեղանին, բայց Հակոբյանը զանգել է չգիտեմ ում թիկնապահներին ու Անդրանիկին կանչել են դուրս՝ հաշիվ պարզելու» ,- պատմել է մահացած տաղների մայրը:
Շարունակելով պատմությունը նա նշել է, որ իր տղան երկու ընկերների հետ է եղել եւ Հակոբյանները թիկնապահների հետ այնքան են ծեծել, որ ստիպված փախել են այդտեղից, որից հետո կրակահերթ են արձակել նրանց ուղղությամբ:
«Բախտները բերել է, որ նրանց գնդակ չի կպել: Մեծ տղաս տանն էր, զանգեցին կանչեցին: Ասացին Ստյոպիկը անշնորհքություն է արել: Բայց մինչեւ գնալը զանգեցինք հորեղբորը` Հակոբին: Հակոբի հետ գնացին, բոլորին հավաքեցին եկան մեր պադվալային հարկում բիլիարդի սեղանի շուրջ զրուցելու: Բայց նրանք գիշերվա եղածով չեն բավարարվում. Ստեփանի փոքր եղբայրը հավաքում է իր թիմը եւ գնում է այն տղայի տան վրա հարձակման, ով միջադեպի գիշերը Անդրանիկի հետ է եղել»,- հիշեց տիկին Սոխակը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանից հետո Անդրանիկն է իր ընկերներով գնում Ստեփանի փոքր եղբորը ծեծում եւ որսորդական հրացանով կրակում նրա Նիվայի անիվներին:
«Գնացի ասացի. «Հակոբ, դու մեջների մեծն ես, քեզ եմ ասում, որովհետեւ դու մեր երեխաներին էլ լավ գիտես, ձերին էլ, արի հաշտեցրու»: Բայց ինքը ինձ պատասխանեց, իբր իր եղբոր երեխաները իրեն չեն ենթարկվում: Դրանից տեւական դադարից հետո եղավ 2006թ-ի դեպքը եւ մեծ որդուս սպանեցին, իսկ 2013թ-ին մահացավ Անդրանիկը»,- ավելացրել է Սոխակ Խոցանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: