
ՀԱԿ-ը կողմ է ՀՀ և ՌԴ կառավարություների միջև ստորագրված համաձայնագրերի փաթեթից միայն մեկին

ԱԺ արտահերթ նիստում այսօր ներկայացվեց նաև ՀՀ և ՌԴ կառավարություների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Այս առնչությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե ի տարբերություն փաթեթում ընդգրկված նախորդներ փաստաթղթերի, այս համաձայնագրում նպաստավոր հիմք է ստեղծված ՀՀ-ՌԴ տնտեսական փոխշահավետ համագործակցության համար:
«Այս փաստաթղթում կան բազմաթիվ դրական դրույթներ, կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նպաստավոր հիմք են ստեղծում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա ներկայացված փաստաթղթերից միակն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես իրավահավասար գործընկերներ, որտեղ խոսք է գնում փոխշահավետ գործակցության մասին: Եթե հնարավոր լիներ ընդունել միայն այս փաստաթուղթը, և հրաժարավել նախորդ համաձայնագրերից, մենք կողմ կքվեարկեինք: Բայց քանի որ, ըստ էության, գործ ունենք ամբողջական փաթեթի հետ, մենք կոնկրետ այս համաձայնագրի պարագայում զերծ կմնանք քվեարկությունից»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը: