Միխայիլ Խոդորկովսկին ազատության մեջ է. փաստաբան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Yukos նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին լքել է բանտի տարածքը և հայտնվել է ազատության մեջ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Վադիմ Կլյուվգանտը: Վերջինիս խոսքերով՝ դա հաստատել է բանտի ղեկավարությունը:
Russia Today հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարը բանտի տարածքը լքել է ուղղաթիռով և մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է 1963 թվականին Մոսկվայում ծնված Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանը, որով և նրան ազատել է պատժի հետագա կրումից: Պուտինը մոտ ժամանակներս Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հայտարարել էր երեկվա մեծ ասուլիսի ժամանակ:
Պուտինն ընդգծել էր, որ դա պետք է իրականացվեր օրենսդրությանը համապատասխան, ինչը նշանակում էր, որ Խոդորկովսկին համապատասխան խնդրանքով պետք է դիմեր իրեն: Коммерсантъ թերթն այսօր հայտնել է, որ Խոդորկովսկին այդ քայլին գնացել է միայն հատուկ ծառայությունների հետ ունեցած զրույցից հետո:
Առանց փաստաբանների ներկայության տեղի ունեցած այդ զրույցի ժամանակ Խոդորկովսկուն իրազեկել են մոր առողջական վիճակի վատթարանալու և նրա դեմ պատրաստվող նոր գործի մասին: Դրանից հետո Խոդորկովսկին համաձայնվել էր ներման խնդրանքով դիմել նախագահ Պուտինին:
Միխայիլ Խոդորկովսկին կալանքի տակ է վերցվել 2003 թվականին: Երկու տարի անց նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման՝ մեքենայություններ գործելու և հարկեր չվճարելու համար: Հետագայում այդ պատժաժամկետը նվազեցվել է մինչև 8 տարվա:
2010 թվականի դեկտեմբերին «Յուկոսի երկրորդ գործի» շրջանակներում Խոդորկովսկուն դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ նավթ հափշտակելու ու դրա վաճառքից գոյացած հասույթն օրինականացնելու համար: Հետագայում այդ պատժաժամկետը մի քանի անգամ կրճատվել է տարբեր ատյանների կողմից:
Խոդորկովսկու ազատազրկման ժամկետը հաշվվում է նրան կալանքի տակ վերցնելու պահից: Խոդորկովսկին պետք է ազատության մեջ հայտնվեր 2014 թվականի օգոստոսին (առանց Պուտինի կողմից ներում շնորհելու): Օրեր առաջ Die Presse թերթը գրել էր, որ 2013 թվականը կարելի է անվանել Պուտինի տարի՝ կապված Արևմուտքի նկատմամբ նրա տարած հաղթանակների հետ.
«Չի բացառվում, որ Պուտինի հաջորդ հաղթանակն արդեն իսկ պատրաստ է, կարելի է պատկերացնել, թե արևմտյան ԶԼՄ-ներում ինչպիսի հրճանք կսկսվի, եթե նա իսկապես համաների 2003 թվականից բանտում գտնվող նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն ու Pussy Riot խմբի երկու երգչուհու` Նադեժդա Տոլոկոնիկովային ու Մարիա Ալյոխինային` նրանց ազատազրկման ժամկետների ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն իսկ ողջունել է Խոդորկովսկուն ներում շնորհելը՝ ընդգծելով, որ մշտապես հանդես է եկել դրա օգտին: