Նաիրա Զոհրաբյան. Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է, թե՞ սխոդկա
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը «Գազպրոմի» հետ ընդամենը վարել է վասալային քաղաքականություն: ԱԺ-ում մտքերի փոխանկման ժամին Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե նման բարդ իրավիճակում ԱԺ-ում ներկա չէ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ չհամաձայեց Նաիրա Զոհրաբյանի հետ՝ ասելով. «Տիկին Զոհրաբյան, 3 ժամ մարդը խոսափողի մոտ կանգնած պատասխանում էր, կարո՞ղ էր 5 րոպե դուրս գալ, չէ՞»:
Նաիրա Զոհրաբյանը հեգնանքով պատասխանեց Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը՝ ասելով. «Շնորհակալություն»: Ապա հավելեց, թե դահլիճում պետք է լիներ ոչ միայն նախարարը, այլև «վասալային» համաձայնագրի իրական պատասխանատուն՝ ՀՀ վարչապետը: «Գազային այս ողջ գործընթացն ընթացել է ստի, կեղծիքի, խաբեության և ստվերային գործարքների արդյունքում: Իրար հակասող հայտարարություններ կառավարության տարբեր անդամների կողմից` գազի գինը թանկանալու է, գազի գինը չի թանկանալու, 300 մլն դոլար պարտք ունենք, նախարարներից մեկն ընդհանրապես չէր լսել, որ մենք այլևս 300 մլն դոլար պարտք ունենք, խոստացավ ճշտել-ասել, Իրանի դեսպանի հայտարարություն, դեսպանին հակասող հայտարարություն, հակընդդեմ հայտարարություն, նախագահի աշխակազմի ղեկավարի հայտարարություն, դրան հակասող «Գազպրոմի» նախագահ Միլլերի հայտարարություն»,- թվարկեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, թե աբսուրդային է համարում փաստաթղթի բացակայությունը:
Ըստ Զոհրաբյանի՝ սա վկայում է այն մասին, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընդամենը բանավոր: «Ես ուզում եմ իմանալ, Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է, թե՞ սխոդկա, որտեղ կառավարությունն իրեն կարող է թույլ տալ բանավոր խոսել Ռուսաստանի կամ «Գազպրոմի» հետ և բանավոր խոսացածի արդյունքում ՀՀ քաղաքացուն նվիրել 300 մլն դոլար պարտք»,- հարցրեց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ գազի պարտքի դիմաց կուտակած 300 մլն պարտքը թաքցնելը պայմանավորված է եղել համապետական ընտրություններով: ԲՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, սա հանցավոր համաձայնություն է, և ինքը չէր ցանկանա, որ նախարարը միայնակ «մտներ այդ հանցավոր պատասխանատվության տակ, որովհետև միևնույնն է՝ պատմությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը, մի րոպե անգամ չկասկածեք, ամեն ինչ դնելու է իր տեղը, և, բնականաբար, այս հանցավոր գործարքի պատասխանատուները կրելու են իրնեց պատիժը, կրելու են քրեական պատասխանատվություն այս գործարքը ստվերային, թաքուն տանելու համար»: