ՀԱՊԿ-ը հակազդելու է ԱՊՀ երկրներում Արևմուտքի կողմից «գունավոր հեղափոխությունների» նոր փորձերին. Коммерсантъ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ը զբաղվելու է ԱՊՀ երկրներում Արևմուտքի կողմից նոր «գունավոր հեղափոխություններ» անցկացնելու փորձերին հակազդելով: Այս մասին հայտարարվել է երեկ ՀԱՊԿ-ի կազմակերպած «կլոր սեղանի» արդյունքներով:
Դրա մասնակիցները եկել են այն եզրակացության, որ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները միջազգային կառույցներով դիմում են մանիպուլացիաների՝ կապված ընտրությունների հետ, ակտիվորեն ազդում են ինտերնետային օգտատերերի վրա, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների միջոցով ներկայացնում են հասարակական տրամադրությունների խեղաթյուրված պատկեր»:
Նրանք ՀԱՊԿ-ին խորհուրդ են տվել զբաղվել «հակաքարոզչության գործիքների մշակմամբ», իսկ Ռուսաստանին խորհուրդ են տվել «չքաշվել՝ հարևան երկրների ներքաղաքական կյանքի վրա ազդելու համար»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր զարմանքն է հայտնել մասնավորապես Ուկրաինայում «արտաքին ուժերի կողմից իրականացվող հեղափոխության փորձերի» կապակցությամբ: «Կլոր սեղանի» ժամանակ քանիցս հիշատակել են Ուկրաինային:
Նրանց կարծիքով՝ «Մայդանի» իրադարձությունները դարձան այն բանի վերջին ապացույցը, որ «գունավոր հեղափոխությունների վտանգը» դուրս է գալիս առաջնային պլան՝ ի թիվս ՀԱՊԿ անդամների կոլեկտիվ անվտանգության մի շարք մարտահրավերների, սպառնալիքների ու ռիսկերի:
«Կլոր սեղանի» արդյունքներով՝ կազմակերպիչները պատրաստելու են առաջարկների ցանկ, որոնք կվերաբերեն արտաքին միջամտության ու «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն, ինչը կուղարկվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարությանը: Կարծես թե, Նիկոլայ Բորդյուժան կասկածներ չունի, որ ՀԱՊԿ-ում կլսեն փորձագետների կարծիքին: