
«Հարավային գազային միջանցքի» իրագործումը կարժենա ավելի քան 15 միլիարդ դոլար. BP

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» նախագծի երկու մասնակիցներ՝ նորվեգական Statoil և ֆրանսիական Total ընկերությունները չեն ցանկացել մտնել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի մեջ:
Դա պայմանավորված էր նախագծի իրագործման մեծ ծախսերով: Բրիտանական BP ընկերության մասնագետների գնահատմամբ՝ 1790 կիլոմետրանոց TANAP խողովակաշարի կառուցումն արժենալու է 12 միլիարդ դոլար: Դրանից առաջ նախագծի օպերատոր, ադրբեջանական SOCAR ընկերությունը հայտարարել էր, որ դրա արժեքը կազմելու է 8-9 միլիարդ դոլար:
Դեռ հայտնի չէ TANAP և TAP խողովակաշարերի նախագծերի իրագործման վերջնական արժեքը: Սակայն համաշխարհային ԶԼՄ-ները, վկայակոչելով BP-ին, հայտնում են, որ նախնական գնահատականներով՝ այդ խողովակաշարերի կառուցումն արժենալու 15 միլիարդ դոլար:
Դա նշանակում է, որ 870 կիլոմետր երկարությամբ TAP խողովակաշարի կառուցումն արժենալու է 3 միլիարդ դոլար: Սակայն այդ գնի մեջ չեն մտնում հողակտորների գնման ծախսերը: Դրա համար էլ Արևմուտքում կարծում են, որ «Հարավային գազային միջանցքի» իրագործումը վերջին հաշվով արժենալու է ավելի քան 15 միլիարդ դոլար: