Բաժիններ՝

Որդին սպանել է մորը. Որդուն օղի գնելու մոր մերժումը` կյանք արժեցավ

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

44-ամյա Արմեն Չիլինգարյանի` մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տար, այն էլ` ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարևաններն այսօրվա պես հիշում են: Մեզ հետ զրույցում առաջին իսկ պատահած հարեւանը` տիկին Գրետան, ափսոսանքով էր խոսում ու անընդհատ նշում` «Շատ ափսոս, շատ, լավ տղա էր, բա մայրը ինչ լավ, բարի կին էր: Արմենին մանկուց եմ ճանաչում, շատ լավ երեխա էր, լավ մարդ, բոլորին օգնող, հասնող, բայց խեղճ տղեն արդեն երեւի խանգարվել էր, խմելու հետ էլ սեր ուներ: Ձեռքից ամեն ինչ գալիս էր, ռեմոնտ էր անում, ինքն էլ կահույքի արտադրամասում էր աշխատում»:

Մտերիմ հարեւանները մեզ պատմում են, որ Արմենը չկարողացավ հաշտվել, որ կինը երեխաների հետ լքել էր նրան, ու սկսել էր ավելի շատ խմել, իսկ երբ խմում էր, անպայման վիճաբանություն էր սկսում մոր հետ, գոռգոռոցները հարեւանները միշտ լսել են: Բայց Արմենը, ինչպես պատմում են նրան լավ ճանաչողնները, վաղուց  սեր ուներ խմիչքի հետ, 15 տարի առաջ հոր մահից հետո սկսեց խմել. ասում են` ծանր է տարել հոր կորուստը ու խմելու առիթը բաց չէր թողնում: Կինն էլ, չդիմանալով ամուսնու պարբերաբար հարբած վիճակին, որդիներին վերցրել ու ծնողների տուն է վերադարձել:

Արմեն Չիլինգարյանի անմիջապես վերեւի հարկի հարեւանն ասում է, որ նույնիսկ փորձել են բուժման ուղարկել ու ազատել Արմենին ոգելից խմիչքի կախվածությունից. «Հենց տիկին Գոհարին, Արմենի մորը, տեսնում էինք դեմքին կապտուկներով ու հարցնում` էլի տղեդ ա ծեծել, չէր խոստովանում, որ էդպես էր, ասում էր` չէ, ընկել եմ: Բայց նաեւ միշտ ինձ ասում էր` հենց ձենս լսես, խնդրում եմ կգաս` կհասնես: Շատ լավ, հրաշք կին էր, որդուն նվիրված իսկական  մայր, էն որ ասում են` ձեռքի վրա ձվածեղ էր եփում, տալիս որդուն: Շատ ցավալի դեպք է, չէինք ուզենա էդպիսի ավարտ լիներ: Մի անգամ էլ Արմենը հալյուցինացիաների մեջ էր, աչքին բաներ էին երեւոմ, վատ մտքեր գալիս, ասում էր` վայ լյուկի մեջ երեխա կա, գնամ փրկեմ, զգացի շատ վատ է, մայրն էլ օգնություն էր խնդրել, զանգեցի շտապ օգնություն, հատուկ բրիգադ եկավ ու տարավ նարկոդիսպանսեր: Մի ամիս պառկեց, դուրս եկավ մոտ 2 ամիս չխմեց ու էլի սկսեց: Ախր խմածն էլ ի՞նչ էր, «դիշովիյ» օղի, որ մարդուն թունավորում էր»:

Կարդացեք նաև

Դեպքի օրը հարեւաններից մեկը ցերեկը ժամը 16.00-ի շրջանում, երբ անցնելիս է եղել Արմենի բնակարանի մոտով, (առաջին հարկում է բնակարանը), ձայներ է լսել, գոռոցներ: Դուռը հենց թակեցի, ձայները կտրվել են, ավելի ուշ Արմենն անձամբ է կանչել այս հարեւանին, վերջինս փորձել է որդու կողմից ծեծված կնոջը օգնութուն ցուցաբերել, արդեն շատ ուշ է եղել. «Տեսա գետնին ընկած տիկին Գոհարին, ինձ թվաց դեռ շնչում է, շտապ օգնություն կանչեցի, շուտ եկան, նայեցին, ասացին մոտ 1 ժամ է  մահացած է: Ահավոր տեսարան էր, կինը գետին ընկած, գլուխն ուռած»: Հետո ոստիկանները պարզել են, որ Արմեն Չիլինգարյանը ալկոհոլի ազդցության տակ մոր դեմքին բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել, կինը ընկել է հատակին, որից հետո որդին, շարունակել է հարվածներ հասցնել մորը. «Ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին ապօինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր կենսականորեն կարեւորագույն օրգանի` գլխի շրջանին եւ պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետեւանքով առաջացած գլխուղեղի կենսական նշանակության կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյուքնում ապօրինաբար կյանքից զրկել»:

Իսկ մոր սպանելու պատճառը, կրկին իրավապահների ու հարեւանների ներկայացմամբ, եղել է այն, որ ոչ սթափ  վիճակում Արմեն Չիլինգարյանը մորը հորդորել է իր համար խանութից օղի բերել, մայրը նախատել է որդուն, որից հետո էլ Արմենը հարձակվել է մոր վրա: Այդ օրը Արմենն արդեն հարբած գնացել է կնոջ ծնողների տուն` երեխաներին տեսակցելու, կինն արգելել է ամուսնուն տեսակցությունը` ոգելից խմիչք օգտագործած լինելու պատճառով: Սա եւս մեկ պատրվակ եղավ Արմենի համար, որպեսզի մորից նորից օղի գնել պահանջի, որդուն օղի գնելու մոր մերժումը` կյանք արժեցավ:

Արմենի մեղադրանքը`«Կյանքից զրկելու դիտավորությունը» իրավապահ մարմինների ձեւակերպումն է, հարեւանները, սակայն վստահեցնում են`«Արմենը եթե խմած չլիներ, նման բան չէր անի, չէր ուզի մորը սպանել, որ չէր խմում` ոսկի տղա էր: Ամեն անգամ խմելուց հետո, որ սթափվում էր, ասում էր` էլ չեմ խմելու, բայց չէր կարողանում թարգել: Շատ լավ սիրտ ուներ, անշահախնդիր, ծրագրեր ուներ` ուզում էր տան դուռ-պատուհանները փոխել, տունը սիրուն իր ձեռքերով ռեմոնտ էր արել, ուզում էր մի քիչ էլ կարգի քցեր ու գնար 2 տղեքին բերեր մոտը: Չնայած, տղաները շատ են սիրում հորը, գալիս էին երկար ժամանակով մնում մոտը»:

Պարբերաբար որդու կողմից բռնության ենթարկվելու համար, մայրը նույնիսկ չի փորձել դիմել ոստիկանություն. հարեւաններն ասում են` «Ամոթ-աբուռով կին է եղել, հո տղուն դատի չէր տալու, համ էլ` չէր ուզում խոստովաներ, որ որդին իրեն ծեծում է»:

Մենք փորձեցինք հանդիպել նաեւ Արմենի կնոջ` Գայանեի ու երեխաների հետ, սակայն հարեւանները ո´չ բնակության եւ ո´չ էլ հեռախոսահամար չունեին, մի քանի օր շարունակ հարեւաններն ու մենք փնտրեցինք Գայանեի հեռախոսհամարն ու հասցեն, սակայն ապարդյուն: Հարեւնանրեը պատմում են, որ կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում, նրա վրա Արմենը ձեռք չէր բարձրացնում. Գայանեն մշտապես սպառնում էր, որ կլքի, իսկ դրանից Արմենն ուղղակի սարսափում էր. «Գայանեն շատ «ճտպտան» կին է, միամիտ չէ, ու «դուխով» աղջիկ էր, նա թույլ չէր տա իրան խփեր»:

Արմեն Չիլինգարյանի փաստաբան Կարինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմենն ընդունել է իր մեղքը, զղջում է եղածի համար. հիմա գործը դատարանում է:

 Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին` http://rru.swv.am/:

Արագ Արձագանքման Խումբ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս