Որտեղ է թաղված շան գլուխը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն արտահերթ նիստում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլարը պարտքն ինչո՞ւ չձևակերպվեց որպես պետական պարտք: Պատգամավորը հարցրեց նաև, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքը, որի դիմաց ՀՀ կառավարությունը պատրաստվում է մարել հայկական պարտքի կեսը՝ 155 մլն դոլարը, ո՞վ է գնահատել.
«Ոչ մի տեղ չի լսվում՝ ո՞վ է գնահատել, որ 20 տոկոսը հավասար է 155 միլիոն դոլարի: Կոնկրետ պատասխան եմ ակնկալում նաև. Դուք խոստացաք ու չարեցիք: Ես հրապարակել էի հետևյալ թիվը, որը վնասը կազմել 65 միլիարդ դրամ, դուք այն վաճառել եք 63.3 միլիարդով, խոստացաք այդ 5 միլիոն դոլարի տարբերության մասին կտեղեկանանք, բայց չեք արել»,- ասաց պատգամավորը:
Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե 20 տոկոս բաժնեմասը համարժեք է 65 միլիարդ դրամի: «Փորձագետերի հետ համապատասխան աշխատանքներ են, քննարկվել է տարեկան 35 միլիոն դոլար շահույթ ունեցող ընկերության գինը ինչքա՞ն կարող է լինել, այստեղից համապատասխան հետևություններ են արվել: Որպեսզի համոզվենք, թե ինչքանով ենք ճիշտ վաճառել և տարեկան 35 միլիոն դոլար շահույթ ունեցող ընկերության գինը 10-12 անգամ ավելի կարող էր լինել, ոչ ավել, թեկուզ այսօր միջազգային պրակտիկայում նման բան չկա, իսկ մեր հաշվարկներով այն կազմում է 155 միլիոն: Հետևաբար, մեր գնահատմամբ` բավականին հաջող բանակցություններ են եղել»,- հավաստիացրեց նախարարը:
Նա նշեց, որ 2011 թվականից մինչ այժմ գազի պարտքը փոխհատուցելու է ռուսական կողմը, ապա ևս մեկ անգամ կրկնեց, որ 300 միլիոն պարտքը սկսել է կուտակվել 2011 թվականի ապրիլի մեկից:
Արամ Մանուկյանը իր դժգոհությունը արտահայտեց նախարարի պատասխանների առումով և պահաջեց նորից պատասխանել դրանց: «Փորձագետներ ասվածը ամենևին հիմք չէ. ես խոսում եմ իրավաբանական փաստաթղթի մասին. ո՞վ է գնահատել 20 տոկոսը 65 միլիարդ դրամը՝ նորից պատասխանեք,- նշեց պատգամավորը, ապա դիմելով դահլիճում նստած ՀՀԿ-ականներին ասաց,- Ես դիմում եմ քաղաքական մեծամասնությանը` 2008-ից այս կողմ ստորագրվել է 22 արձանագրություն, իմ վեց ամսվա աշխատանքի արդյունքում ես տեսել եմ այդ արձանագրություններից միայն մեկը, կոչ եմ անում` մինչև այդ 22 արձանագրությունները չկարդաք, այս քվեարկությունը չանեք. միգուցե շան գլուխն այնտեղ է թաղված, խնդրում եմ` մինչ այդ արձանագրությունները չնայեք, որևէ քվեարկության մի գնացեք»: