Պուտինն ու Յանուկովիչը պայմանավորվել են Roshen-ի հարցը լուծել մինչև 2014 թվականի մարտի 1-ը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան միջոցներ են ձեռնարկելու մինչև 2014 թվականի մարտի 1-ը Roshen հրուշակեղենի կոնցեռնի արտադրանքի մատակարարումների վերսկսման ուղղությամբ:
Այս մասին նշված է դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի միջև անցկացված բանակցությունների արդյունքներով ստորագրված գործողությունների պլանում, որը կոչված է կարգավորել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները:
Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) այս տարվա հուլիսին արգելել էր ներկրել Roshen-ի ուկրաինական չորս գործարանում արտադրվող շոկոլադն ու կոնֆետը՝ կապված դրանց որակի հարցում դժգոհություններ ունենալու հետ:
Այժմ կողմերը պայմանավորվել են այս հարցին լուծում տալ մինչև 2014 թվականի մարտի 1-ը: